ԵԽ-ն Ուկրաինային առնչվող հռչակագիր է ընդունել. Հայաստանը չի միացել

ԵԽ-ն Ուկրաինային առնչվող հռչակագիր է ընդունել. Հայաստանը չի միացել

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները Վիլնյուսում «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել, որին չի միացել Հայաստանը, Radar Armenia-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին:

Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց: 

«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է հռչակագրում:

Նրանք նաև վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին:

Հրապարակվել է անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում