Թալիբները խորհուրդ են տալիս ԱՄՆ-ի իշխանություններին՝ չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին

Թալիբները խորհուրդ են տալիս ԱՄՆ-ի իշխանություններին՝ չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին

Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել ներքին Աֆղանստանի գործերին և հայտարարում է, որ պատրաստ է դիմադրել անհրաժեշտության դեպքում։ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանեկզայը։

«Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին»,- ասել է Ստանեկզայը, որի խոսքերը մեջբերում է աֆղանական 1TV-ն։

«Ոչ ոք չպետք է մտածի, որ աֆղանները հոգնել են պատերազմից և չեն կարողանում պաշտպանվել», - ասել է փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ «անհրաժեշտության դեպքում աֆղանները կկարողանան դիմակայել ագրեսորներին ևս 40 տարի»։

Ստանեկզայի խոսքով՝ վերջին չորս ամիսներին՝ Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո, «Աֆղանստանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսել է ինքնուրույն որոշումներ կայացնել»։

Թալիբները լայնածավալ գործողություն են սկսել Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց երկրից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին։ Օգոստոսի 15-ին թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքում, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը դեռևս ոչ մի երկիր չի ճանաչել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում