Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց և չի կարող որևէ առնչություն ունենալ արտաքին գործընթացների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։
«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ժողովրդին հղած ուղերձում խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծ թեզը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հերքել են Ադրբեջանից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։
Կարծիքներ