Թքած ունեցողը ՀԷՑ-ի «ցավն է քաշում». ամբողջ պատմությունը ոչ թե բարերարություն է, այլ բիզնես շահ. Մանավազյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:
«Տաշիր Սամոյի եղբորորդի Նարեկը անընդհատ կրկնում է՝ «եթե ՀԷՑ-ը վատ ենք կառավարել, Մուդիսը ինչո՞ւ է բարձր վարկանիշ տվել», պարզաբանեմ.
Մուդիսը գնահատում է ֆինանսական կայունությունը, և քանի որ ՀԷՑ-ն ունի հանրության կողմից կատարվող պարբերական վճարումներ, ֆինանսական խնդիրներ չեն եղել։ Դա էլ թույլ է տվել, որ դուք, ինչպես շատ մասնավոր ընկերություններ, վճարեք ու ստանաք ավելի բարձր վարկանիշ՝ միջազգային վարկեր ներգրավելու համար։ Մուդիսը չի գալիս ստուգելու ձեր թողած խայտառակ վիճակը՝ տեխնիկական, ենթակառուցվածքային կամ կառավարչական։ Անընդհատ լավություն եք փորձում ներկայացնել ՀԷՑ-ի գնումը:
ՀԷՑ-ի վրա թքած ունեցողն ու իր բարեկամները ամեն օր «ՀԷՑ-ի ցավն են քաշում», որովհետև հենց իրենց է պետք։ Այս ամբողջ պատմությունը ոչ թե բարերարություն է, այլ պարզապես բիզնես շահ։
Հ.Գ. Նարեկը երեկվանից սպասում է, թե երբ են արձագանքելու իր այն հայտարարությանը, թե իբր ՀԷՑ-ն ուզում են դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆինանսավորող ընկերություն։ Ընդամենը մի պարզ հարց․ ո՞վ էր ստիպել աշխատողներին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի մասնակցել բողոքի ակցիաների, և ինչո՞ւ այլևս այդ աշխատողների մոտ չեղավ ցանկություն դա անելու, երբ ստիպողներ չկային։
Ամբողջ կյանքում մարդկանց ստիպելով ու օրվա իշխանությունների հետ տալ-առնելով՝ իրենց բիզնես գործունեությունը զարգացրածները այսօր մտածում են, թե բոլորն իրենց նման են»,- գրել է Մանավազյանը:


Կարծիքներ