Ամերիկացի միլիարդատերերը սիմվոլիկ եկամտահարկ են վճարում
Ամերիկացի միլիարդատերերը սիմվոլիկ եկամտահարկ են վճարում: ProPublica-ն պնդում է, որ իրեն հասանելի են աշխարհի մի քանի ամենահարուստ մարդկանց` ներառյալ Ջեֆ Բեզոսի, Իլոն Մասկի եւ Ուորեն Բաֆեթի հարկային հայտարարագրերը:
Կայքը պնդում է, որ Amazon-ի հիմնադիր Բեզոսը 2007 եւ 2011 թվականներին հարկեր չի վճարել, իսկ Tesla-ի հիմնադիր Մասկը ոչինչ չի վճարել 2018 թվականին:
Սպիտակ տան խոսնակը արտահոսքը որակել է «անօրինական», եւ ՀԴԲ-ն ու հարկային մարմինները հետաքննություն են իրականացնում:
ProPublica-ն հայտնել է, որ վերլուծում է միլիարդատերերի հարկերի վերաբերյալ «հարկային ծառայության տվյալների հսկայական պաշարը» եւ ավելի մանրամասն տեղեկություններ է հրապարակելու առաջիկա շաբաթների ընթացքում:
Ենթադրյալ արտահոսքը տեղի է ունեցել հարուստների վճարած հարկերի շուրջ վեճերի եւ աճող անհավասարության պայմաններում:
ProPublica-ն հաղորդել է, որ ամենահարուստ 25 ամերիկացիները ավելի քիչ հարկեր են վճարում` միջինում ճշգրտված համախառն եկամտի 15,8 տոկոսը, քան ԱՄՆ-ի շարքային աշխատողների մեծ մասը:
Չնայած նրանց հարստությունը շատանում է ընկերություններում բաժնետոմսեր ունենալու հաշվին, սակայն դա չի գրանցվում որպես եկամուտ:
ԱՄՆ միլիարդատերերը ակտիվներ են գնում, ստեղծում են կամ ժառանգում են կարողությունը, ապա պարտք են վերցնում իրենց կարողության դիմաց: Քանի որ նրանք շահույթ չեն ստանում կամ բաժնետոմսեր չեն վաճառում, ոչ մի եկամուտ չեն ստանում, որը կարող է հարկվել: «Այնուհետեւ նրանք բանկից վարկ են վերցնում համեմատաբար ցածր տոկոսադրույքով, ապրում են դրանով եւ կարող են տոկոսադրույքի ծախսը օգտագործել որպես իրենց եկամտից պահումներ», - հայտնել է ProPublica-ի խմբագիր Ջեսի Էյզինգերը:
«Օրինական հարկային ռազմավարություն կիրառելով՝ գերհարուստներից շատերը կարող են իրենց հարկային հաշիվները հասցնել զրոյի կամ գրեթե զրոյի», չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում նրանց կարողությունը կտրուկ ավելացել է:
Հարուստները, ինչպես հասարակ շատ քաղաքացիներ, կարող են կրճատել իրենց եկամտահարկի հաշիվները բարեգործության, ներդրումային եկամուտներից գումար ստանալու եւ այլ միջոցներով, այլ ոչ թե աշխատավարձով:
ProPublica-ն, օգտագործելով Forbes ամսագրի հավաքած տվյալները, հայտնել է, որ 25 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը միասին 2014-2018 թվականներին աճել է 401 միլիարդ դոլարով, սակայն այդ տարիների ընթացքում նրանք վճարել են ընդամենը 13.6 միլիարդ դոլար եկամտահարկի տեսքով:
Կարծիքներ