Չինաստանում հյուրանոց է բացվել, որտեղ սպիտակ արջեր կան (լուսանկար)
Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Հարբինում, բացվել է Polar Bear հյուրանոցը, որի հյուրերը կարող են ժամանակ անցկացնել սպիտակ արջերի ընկերակցությամբ: Այն Harbin Polarland թեմատիկ պարկի մի մասն է: Այս մասին գրում է CNN-ը:
Տարածքում կան բևեռային գիշատիչների վանդակներ, որոնք կարելի է դիտել անմիջապես սենյակներից:
«Անկախ նրանից՝ ուտում եք, խաղում եք, թե քնում, սպիտակ արջերը ձեզ մոտ կլինեն»,- հայտարարել են կազմակերպիչները: Harbin Polarland-ի խոսնակի խոսքով` այն տարածքը, որտեղ կենդանիներին տեսնում են հյուրանոցից, ընդարձակ վանդակների մի մասն է միայն: Արջերը զբոսնում են դրսում, երբ ջերմաստիճանը և օդի որակը թույլ են տալիս:
Հյուրանոցը, որտեղ մնալու արժեքը ավելի քան 2288 յուան է (մոտ 350 դոլար), շատ մեծ է: Բոլոր սենյակները մի քանի օրվա համար արդեն զբաղված են:
Միևնույն ժամանակ, PETA կենդանիների իրավունքների պաշտպանության խմբի փոխնախագահ Ջեյսոն Բեյքերը դատապարտել է չինացիներին և ասել է, որ սպիտակ արջերը պետք է ազատության մեջ լինեն, այլ ոչ թե հյուրանոցում:
«Այս գիշատիչները բնության մեջ ակտիվ են օրական մինչև 18 ժամ: Նրանք ամեն օր շրջում են իրենց տարածքներով, որոնք կարող են ձգվել հազարավոր մղոններ: Ահա թե որտեղ են նրանք վայելում իրական կյանքը»,-ասել է կենդանիների իրավունքների պաշտպանը:
Կարծիքներ