Փոխնախարարը ջերմոցատերերի հետ քննարկել է գյուղմթերքի մրցունակության ու արտահանման հարցերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ եւ Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու եւ տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գայ համայնքում փոխնախարարը ծանոթացել է շուրջ հինգ հազար քմ մակերեսով բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ջերմատնային տնտեսության գործունեությանը։ Ջերմոցների սեփականատերերը տեղեկացրել են, որ այստեղ հիմնականում մշակվում են պղպեղ եւ լոլիկ, առաջիկայում նախատեսում են ընդարձակել ջերմոցային տնտեսության տարածքը եւս մոտ 6-7 հազար քմ-ով եւ ընդլայնել մշակվող բանջարեղենի տեսականին։ Ջերմոցատերերը Արման Խոջոյանին ներկայացրել են գործող ջերմատանը ներդրված համակարգերը, կառուցվող ջերմատան ընթացիկ շինարարական աշխատանքները։
Այնուհետեւ Արման Խոջոյանն ուղեւորվել է Մեծամոր համայնքում գործող ջերմոցներ, որտեղ մշակվում եւ աճեցվում են բանջարեղենի առանձին տեսակների սածիլներ եւ կանաչեղեն։ Այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաեւ թարմ բանջարեղենի եւ կանաչեղենի պահպանման եւ փաթեթավորման պահեստում։
Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ պետական օժանդակության գործիքակազմը եւ դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնովիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով եւ կրում են շարունակական բնույթ։
Ջերմոցատերերի հետ քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների եւ վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարեւորությանը։
Արման Խոջոյանը նաեւ նշել է, որ ջերմոցատերերի կողմից բարձրացված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են եւ ոլորտի պատասխանատուները հետեւողական են լինելու նախարարության իրավասության շրջանակներում խնդիրների կարգավորմանը։
Կարծիքներ