Վեց տարվա մեջ առաջին անգամ. իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի այց է կատարել Թուրքիա

Վեց տարվա մեջ առաջին անգամ. իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի այց է կատարել Թուրքիա

Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը անցյալ ամիս գաղտնի այցելել է Թուրքիա՝ նախապատրաստելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ակնկալվող այցը այդ երկիր։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Ուշպիզը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ սա իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործչի առաջին այցն է Թուրքիա վերջին վեց տարում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Իսրայելի նախագահի գրասենյակն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Հերցոգը նախատեսում է այցելել Թուրքիա և հանդիպել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Israeli News-ը հաղորդել է, որ Հերցոգի և Էրդողանի հեռախոսազրույցում քննարկվել է երկու առաջնորդների «շուտափույթ հանդիպման հնարավորությունը»: Հերցոգը զանգահարել է Էրդողանին՝ ապաքինման մաղթանքներով. փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

Իսրայելական մամուլը հիշեցնում է, որ հունվարի վերջին Թուրքիայի նախագահը հայտարարել, որ Հերցոգը պետք է այցելի Թուրքիա հաջորդ ամիս, և դա «նոր էջ կբացի» երկու երկրների հարաբերություններում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում