Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն
Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը:
Գործընկերները շնորհավորել են միմյանց երկու երկրների համար այս խորհրդանշական տարեթվի կապակցությամբ և կարևորել երեք տասնամյակների ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունները:
Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ամուր միջխորհրդարանական հարաբերություններ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել փոխգործակցությունը հատկապես տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում:
«Մեր հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց են գրանցել խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, ինչի վկայությունն են բարձր մակարդակի շփումներն ու այցելությունները:
Ես խորապես հավատում եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում է՛լ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահը:
Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում ՍՀ արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկն ու ՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Կարծիքներ