Աբխազիայում գիշերն այրվել է գրեթե ողջ պետական նկարչական ֆոնդը
Կիրակի գիշերը տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է Աբխազիայի պետական արվեստի պատկերասրահի գրեթե ողջ ֆոնդը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հանրապետության փոխնախագահ Բադրա Գյունբան՝ մանրամասնելով, որ դա լուրջ կորուստ է Աբխազիայի մշակույթի համար։
«Մենք գործնականում կորցրել ենք ամբողջ ֆոնդը, որը գտնվում էր այս շենքում, սա լուրջ կորուստ է մեր մշակույթի համար»,- ասել է Գյունբան։
Նրա խոսքով, հրշեջների համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի Աբխազական թատրոն և այրված շենքին անմիջական հարևանությամբ գտնվող երգչախմբային մատուռի փորձասրահ։
Աբխազիայում գտնվող արվեստի պատկերասրահը մի քանի սենյակներում տեղավորված նկարների շտեմարան է: Այն Սուխումիի կենտրոնում գտնվող երկհարկանի հնագույն շենքի երկրորդ հարկում է տեղակայված։ 1963 թվականից այստեղ հավաքվում են ամբողջ Խորհրդային Միության հայտնի նկարիչների գործերը։
«Ալեքսանդր Չաչբ-Շերվաշիձեի երեք հարյուրից ավելի գործեր ոչնչացվել են, Վարվառա Բուբնովայի, Եվգենի Կոտլյարովի, Օլգա Բրենդելի և շատ ուրիշների գործեր են այրվել: Մենք դրանք պահել ենք 70 տարի: Կա ավելի քան 4000 կտավ, որոնք եթե այրվծ էլ չեն, պահանջում են խիստ վերականգնում»,- գործակալությանը ասել է Աբխազիայի արվեստի պետական պատկերասրահի տնօրեն Սուրամ Սաքանիան:
Ներկայում Աբխազիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում հրդեհի պատճառները պարզելու համար։ Հրշեջներն ու փրկարարները շարունակում են աշխատել բուն շենքում, արվեստի պատկերասրահի տանիքը փլուզվել է գրեթե ողջ տարածքով, իսկ ծուխը շարունակում է դուրս գալ շենքից:
Կարծիքներ