ԿԺԴՀ-ի անօդաչուն մուտք է գործել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի շրջակայքի ոչ թռիչքային գոտի

ԿԺԴՀ-ի անօդաչուն մուտք է գործել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի շրջակայքի ոչ թռիչքային գոտի

Հյուսիսային Կորեայի անօդաչուներից մեկն անցյալ ամիս կարճ ժամանակով մտել է Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-Յոլի գրասենյակի շուրջ 3.7 կմ շառավղով ոչ թռիչքային գոտի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Այս տեղեկությունն այսօր հաստատել է պարբերականի աղբյուրը՝ զինվորական պաշտոնյա, որի խոսքերը հակասում են երկրի ռազմական գերատեսչության այն հայտարարությանը, թե օդային տարածքի անվտանգության պաշտպանության այդպիսի «լուրջ ձախողում տեղի չի ունեցել»:

«Այն կարճ ժամանակով թռել է գոտու հյուսիսային եզրով (P-37), սակայն չի մոտեցել անվտանգության հիմնական օբյեկտներին»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նշվում է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը դեկտեմբերի 4-ին ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցության ժամանակ երկրին նախագահին տեղեկացրել էր գոտու մի մաս ԱԹՍ-ի ներթափանցման մասին։

Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ հանձնաժողովը հերքել էր ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե անօդաչու թռչող սարքը մտել է P-37 գոտի։ Հանձնաժողովի խոսնակ Լի Սոն Չժունը հայտարարել էր, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունները «չեն համապատասխանում իրականությանը»:

P-37 գոտի մտած անօդաչուն եղել է այն 5 ԱԹՍ-ներից մեկը, որոնք դեկտեմբերի 26-ին հայտել էին երկու Կորեաները բաժանող սահմանազատման գիծը և թռել Հարավային Կորեայի տարածքով: Նրանցից մեկին հաջողվել էր հասնել Սեուլի հյուսիսային շրջաններ, այնուհետև վերադառնալ ԿԺԴՀ, իսկ մյուսներն անհետացել էին  հարավկորեական ռադարներից։

Հարավային Կորեային չէր հաջողվել խոցել դրանք, ինչը կասկածի տակ է դրել երկրի օդային պաշտպանությունը: Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Յուն Սոկ Յոլը պաշտպանության նախարարին հանձնարարել է ստեղծել անօդաչուների միացյալ ստորաբաժանում, որը կիրականացնի բազմաթիվ առաքելություններ, այդ թվում՝ հսկման և հետախուզական գործողություններ:

Բացի այդ, հանձնարարվել է մինչև տարեվերջ սկսել փոքր, դժվար հայտնաբերվող անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն և մշակել անտեսանելի ԱԹՍ-ներ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր օգնականներին նաև հանձնարարել է դիտարկել 2018 թ.-ին կնքված միջկորեական ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված համաձայնագիրը կասեցնելու հարցը, եթե Հյուսիսային Կորեան նորից ներխուժի Հարավային Կորեայի տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում