Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային
Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին` փոխանցում է Ermenihaber-ը:
Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:
«Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող է օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,- ասվում է նամակում:
Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր Thyssen Krupp ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Կարծիքներ