Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ դատապարտելով Գազայի վրա Իսրայելի ագրեսիայի վերսկսումը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են հրադադարին վերադառնալու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակում։

«Հրադադարին վերադարձը կարևոր է բոլոր պատանդների ազատ արձակման և խաղաղ բնակիչների պաշտպանության համար», - գրել է Մակրոնը՝ հավելելով, որ երկու առաջնորդներն ընդգծել են Գազայի ապագայի հարցում համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահը ողջունել է գահաժառանգ արքայազնի նախաձեռնությամբ Սաուդյան Արաբիայում անցկացված քննարկումները, որոնք հնարավորություն են տվել մեկնարկել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները։

Ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում և Լիբանանում տիրող իրավիճակը։

«Սիրիայում և Լիբանանում Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան կիսում են նույն նպատակները, այն է՝ լիովին ինքնիշխան Լիբանան և միասնական ու կայուն Սիրիա, որը ներգրավված է ներառական անցումային փուլում», - հավելել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը թույլ է տալիս միասին առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում