Ադրբեջանը, ոչ պաշտոնական տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի բանակն այս պահին, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված և շատ ավելի մեծ քանակով վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը փորձում տեղեկություն գտնել սպանվածների վերաբերյալ, որոնց անունները թաքցնում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը:
«Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ, այլևս անհնար է դառնում: Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին ու հրապարակայնացնել դրանք: Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչև 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է»,- ասված է ՊՆ տարածած տեսանյութում:
Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավական մեծ թիվ են կազմում օդաչուները: Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ ադրբեջանական օդուժի, մասնավորապես մարտական ինքնաթիռների հաջող խոցումների մասին:
«Ահռելի քանակ են կազմում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները, սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում հենց այդ ստորաբաժանումներին այն պարզ պատճառով, որ սովորական հետևակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում: Մեծ թիվ են կազմում նաև հրամանատարները, հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է»,- նշվում է տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նման հարթակների առկայությունը և դրանց արագ տարածումն ադրբեջանցի օգտատերերի շրջանում, վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում կապված բանակի ահռելի կորուստների ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ:
«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն են ուղարկում Ադրբեջանի միապետին»,- նշվում է ՊՆ տարածած տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածների մարմինները, ինչը դրանց մեծ թիվը, ինչպես նաև դրանց շարքերում թուրք զինծառայողների ու սիրիացի ահաբեկիչների առկայությունը թաքցնելու լավագույն միջոցն է:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
Կարծիքներ