ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել վաղը հանդիպել ընդդիմադիր պատգամավորներին, սակայն նրանք չեն արձագանքել առաջարկին
Ժամեր առաջ ընդդիմադիր պատգամավորները որոշ աջակիցների հետ երթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներում:
Վերջիններս նախ գնացին ԱԳՆ-ի շենք, որտեղ տեղակայված են մի քանի այլ նախարարություններ ևս և ուզում էին հանդիպել նախարարների հետ, որպեսզի նրանք տեսակետ հայտնեն՝ կո՞ղմ են ընդդիմադիրների շրջանառության մեջ դրած պահանջներին, թե՞ ոչ:
Նախարարների և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը չհաջողվեց, քանի որ գերատեսչությունների ղեկավարները զբաղված էին:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Երևանի պետական համալսարան՝ այս անգամ նպատակ ունենալով հանդիպել բուհի ղեկավար կազմի, մասնավորապես՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Ոստիկանությունը միայն ընդդիմադիր պատգամավորներին թույլ տվեց մուտք գործել Մայր բուհի Կենտրոնական մասնաշենք: Արդեն ռեկտորի աշխատասենյակում բուհի աշխատակազմի ղեկավարը և ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նրանց տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ, փոխարենը ընդդիմադիր պատգամավորների հետ պատրաստ է հանդիպել վաղը:
Ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հանդիպել նաև պրոռեկտորներին, քանի որ նրանք ևս կա՛մ զբաղված էին, կա՛մ գործուղման մեջ:
Վերջիններս, սակայն, չարձագանքեցին ռեկտորի հետ վաղը հանդիպելու աշխատակազմի տված պատասխանին: Իսկ ահա արդեն ԵՊՀ բակում նրանք սկսեցին հայտարարել, թե՝ չնայած նախնական պայմանավորվածությանը՝ ռեկտորը իրենց չի ընդունել, փակել է աշխատասենյակի դուռը, դուրս չի գալիս և այլն:
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների հայտարարություններին, շեշտում է՝ հանդիպման վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել:
«Ռեկտորը ԵՊՀ տարածքում չէր գտնվում, այդ ժամանակ հանդիպման էր: Ես պատգամավորներին տեղեկացրի՝ եթե իրենք ցանկանում են հանդիպել պարոն Հովհաննիսյանի հետ, կարող են հանդիպել վաղը, իհարկե, ներկայացնեն նաև հանդիպման օրակարգը, թե ի՞նչ հարցի շուրջ են ցանկանում հանդիպել: Սակայն նրանք միայն հայտարարում էին, թե իբր ռեկտորը վախենում է դուրս գալ աշխատասենյակից»,- նշում է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ ռեկտորը բաց է հանդիպումների համար:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, թե ԵՊՀ-ում գիտական խորհրդի նիստ է տեղի ունենալու, որին մասնակցելու է Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգորյանը նկատում է՝ այժմ ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում ընթանում է ուսանողական խորհրդի նիստ, իսկ ինչ վերաբերում է գիտական խորհրդի նիստին, այն որոշ ժամանակով հետաձգվել է:
ԵՊՀ մամուլի խոսնակը նաև հիշեցնում է՝ բուհը ապաքաղաքական կառույց է, որը քաղաքական դիրքորոշում հայտնել, բնականաբար, չի կարող: Եվ սա պետք է ընդունեն բոլորը:
Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Հիշեցնենք՝ երկու օր է՝ ընդդիմադիր պատգամավորները շրջում են պետական հաստատություններով և ներկայացնում իրենց ձևակերպած պահանջները Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ նշելով, թե պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը այդ պահանջների վերաբերյալ, որն էլ դառնալու է ջրբաժան:
Կարծիքներ