Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանը պատկերացում ունի բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ
Ռուսաստանը որոշակի պատկերացում ունի այն մասին, թե հրադադարին հաջորդած ժամանակահատվածում գործընթացն ինչ ձևով պետք է առաջ ընթանա: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստան այցելելու ակնկալիքներից:
«Նոյեմբերի 9-10-ի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ է, և երաշխիք չկա, որ ռազմագործողությունները չեն վերսկսվի: Եթե ամեն ինչ թողնվի այնպես, ինչպես կա և որոշակի աշխատանք չտարվի այդ ուղղությամբ, այնքան էլ լավ չի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե հակամարտող կողմերի միջև գործում է հարաբերությունների որևէ ձևաչափ, ապա դրանք զարգանում են ավելի լավ, քան այն դեպքում, երբ բացակայում են ընդհանրապես: Մեր դեպքում՝ հարաբերություններ գործնականում չկան և դրանք ներկայում միջնորդավորված են տեղի ունենում՝ նմանատիպ այցելությունների միջոցով»,-ասաց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ նկատելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման ձգտում: Սահմանային, խաղաղապահների տեղակայման վայրի, ճանապարհահատվածների և այլ խնդիրները լուծվում են տեղային մակարդակով, իսկ ավելի լուրջ ձևաչափերով բանակցային գործընթացը բացակայում է:
«Մի քանի կոնցեպցիաներ գոյություն ունեն, որոնց մի մասն անցյալում են: Սեղանին կան մի քանիսը, որոնցից մեկը Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն է՝ երեք համանախագահներով: Երկրորդ տարբերակը՝ ռուսականն է՝ ենթակառուցվածքների ապաշրջափակում ու այդպիսով՝ իրավիճակի որոշակի մեղմացում»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ արտգործնախարար Լավրովի հայաստանյան այցելությունը պետք է դիտարկել առկա խնդիրների քննարկման տեսանկյունից:
«Այդ քննարկումները շարունակվում են և նկատելիորեն բարդ են, ինչի մասին են վկայում գերիների վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների և այլ խնդիրները: Բնական է, որ կողմերի հետաքրքրությունները բաժանվում են: Մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման ձևակերպման ներքո, այն ինչ հասկանում են ադրբեջանական, հայկական ու ռուսական կողմերը, կտրականապես տարբեր բաներ են: Գործընթացը դժվար է, սակայն ընթանում է:Այդ համատեքստում պետք է դիտել Լավրովի այցը»,-ասաց Իսկանդարյանը: Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում ինչ-որ արագ ու էպոխային ճեղքումներ տեղի չեն ունենա:
Կարծիքներ