Նախագծում չկա որևէ նորություն, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթում չի եղել. Հովակիմյան
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհեց՝ Վենետիկի հանձնաժոով է ուղարկվել նոր Ընտրական օրենսգրքի փաթեթ, սակայն ԱԺ է բերվել մեկ այլ նախագի: Նախագծի համահեղինակն Վահագն Հովակիմյանն արձագանքեց՝ ներկայացված նախագծում չկա որևէ նորություն, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթում չի եղել:
Պատգամավորներն այս մասին խոսեցին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Մարուքյանը հիշեցրեց, որ 2018-ին կողմ են քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխոթյուններին, քանի որ խորհրդարանում դեռ նախկին իշխանությունն էր, և պետք է, որ ընտրությունները չկեղծվեին: «Սակայն մենք միշտ պնդել ենք, որ տարածքներն ուղղակի անտեսելն ու միայն համամասնական ցուցակով ընտրակարգ սահմանելը սխալ է: Եվ մենք հանձնաժողովում ձեզ հետ աշխատելիս առաջարկել ենք բաց համամասնական տարբերակը: Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ, և խորհրդարան եք բերել մեկ այլ նախագիծ»,-ասաց Մարուքյանը:
Հովակիմյանն արձագանքեց՝ տարածքներն անտեսելու հարցը լուծվում է համամասնական ցուցակով: «Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշելու, թե մարզերն ինչպես են ներկայացված լինելու, ինչ համամասնությամբ՝ որ տեղերում»,-ասաց Հովակիմյանը:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի մասին հարցին՝ նա վստահեցրեց, որ այն, ինչ ներկայացված նախագծով առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: «Այսինքն, այստեղ չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել: Այստեղ ընդամենը տարբերությունը կայանում է նրանում, որ մեծ փաթեթում առկա որոշ կարգավորումներ ուղղակի ավելի շուտ են առաջարկվում ընդունել»,- ասաց նա:
Մարուքյանը, սակայն, պնդեց՝ բերված նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: «Ինչքանո՞վ է խաղի կանոնները խաղի ընթացքում փոխելը ժողովրդավարական, և որքանո՞վ է հարգվում քաղաքական ուժերի հայտարարած կոնսենսուսը՝ ձեր քաղաքական մեծամասնության կողմից»,- հարցրեց նա:
Հովակիմյանը շեշտեց, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ գոյություն չունի, գոյություն ունի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը բաղկացած է մոտ 130-140 հոդվածից: «Խաղի կանոն չի փոխվում, այլ ընդամնեը ընտրակարգը պարզեցվում է»,- նշեց նա ու հիշեցրեց, որ 2018-ին փոփոխությունները 48 օր առաջ են առաջարկվել, և Մարուքյանի թիմը կողմ է քվեարկել, այսօր այդ փոփոխություններն առաջարկվում են 80 օր առաջ:
Կարծիքներ