Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում։
Համահեղինակները նշում են, որ վիզաների ազատականացումը էական փոփոխություն կբերի Հայաստանի ժողովրդին, քանի որ մարդկանց միջև շփումների ավելացումը կարևոր է։
Զեկույցում հատկապես ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է նշի, որ պատրաստ է Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ առաջարկել, ինչը կարևոր ազդանշան կլինի։
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը զարգանա, երկրում օրենքի գերակայություն տիրի, և մարդկանց իրավունքները և ժողովրդավարությունը պահպանվի։ ԵՄ օգնությունը պետք է ուղղված լինի այն փոփոխություններին, որոնք մարդիկ կարող են տեսնել և զգալ:
Անդրադառնալով Հայաստանի պարենային անվտանգությանը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ այս առումով Եվրոպական Միությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ սուբսիդավորելով Հայաստանին հիմնական պարենային ապրանքների ներմուծումը։ Զուգահեռաբար ԵՄ-ն պետք է աջակցի Երևանին՝ ավելի կայուն և ծախսարդյունավետ ներքին տնտեսության զարգացման գործում։
Զեկույցում նշվում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար կարևոր է ուշադրություն դարձնել նաև էներգետիկ ոլորտին․ հրավիրել Հայաստանին՝ դառնալու եվրոպական էներգետիկ համայնքի անդամ, օգնել Հայաստանին արագացնել իր բարեփոխումները կանաչ էներգիայի փոխակերպման, էներգիայի ներմուծումը և աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում։
Կարծիքներ