Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:
Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:
«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է նա։
Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման խնդրին:
«Վերջին տասնամյակներին տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, ինչի արդյունքում ընձեռնվել են նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ: Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաև միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ և դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են»,- ասել է նախարարը:
Կարծիքներ