Կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է. Ռուբինյան

Կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է. Ռուբինյան

Այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության գործելաոճին և նիստերից բացակայություններին:

«Այս գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր ցանկացած թեմայով նախագծի քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանը կամ անվտանգությանը, մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք դեռ այս շենքի շրջանակներում գոյություն ունեին, ասում էին՝ ժամանա՞կ եք գտել այս թեման քննարկելու, այս նախագիծը քննարկելու: Հետո նրանք գնացին, չեկան, բայց այսօր քննարկեցինք երկու կարևորագույն նախագիծ՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով: Լավ, ո՞րն է իրենց օրակարգը:

Ես կարծում եմ՝ նրանց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի նրանց հանրային ակտիվությամբ: Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»,- ասաց Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում