Իրանում կդատեն լրտեսության համար մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացուն
Իրանում 2020 թվականի մայիսին լրտեսության և «իրանական քաղաքական համակարգի դեմ քարոզչության» կասկածանքով ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացի Բենջաման Բրիերի գործը կփոխանցվի հեղափոխական դատարանի քննությանը: Այս մասին հայտնել է Բրիերի փաստաբան Սեյիդ Դեքհանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հետաքննության ավարտից հետո դատախազությունը հաստատել է մեղադրանքները, և դատախազը մեղադրական եզրակացություն է պատրաստում, որից հետո գործը կփոխանցվի հեղափոխական դատարան՝ հետագա դատավարության համար»,- ասել է փաստաբանը:
Agence France Press գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի քաղաքացին ներկայում գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքի բանտում:
Իրանում լրտեսությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն և պատժվում է մահապատժով, իսկ «քաղաքական համակարգի դեմ քարոզչության» համար կարող է սպառնալ երեք ամսից մինչև մեկ տարվա ազատազրկում։
Կարծիքներ