New Shepard տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը
Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող ընկերության կայքի ուղիղ հեռարձակմանը:
Ենթաուղեծրային թռիչքի ժամանակ տիեզերանավը բարձրացել է 100 կմ, բոլոր չորս ուղևորը գտնվել են անկշռության վիճակում: Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է մոտ 11 րոպե:
Չորս ուղևորներից մեկը եղել է «Աստղային ուղի» (Star Trek, 1966-1969) սերիալի գլխավոր դերակատար Ուիլյամ Շաթները: 90-ամյա դերասանը դարձել է ամենատարեց տիեզերագնացը: «Երբեք չէի ակնկալում, որ նման բան կզգամ»,- թռիչքից հետո ասել է նա:
Նրա հետ տիեզերանավում են եղել նաև Blue Origin-ի փոխնախագահ Օդրի Փաուերսը, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Քրիս Բոշուիզենը և Dassault Systèmes ընկերության փոխնախագահ Գլեն դե Վրիսը:
New Shepard-ի առաջին թռիչքը, որին մասնակցել էր նաև Բեզոսը, տեղի էր ունեցել հուլիսի 20-ին:
Կարծիքներ