Սերժ Սարգսյանը երևակայական տեքստեր էր ասում. Քրիստինե Պողոսյան
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում խոսեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Freenews.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադառնալով Սարգսյանի հարցազրույցին նշեց, որ նա պիտի նման ասուլիսներ տար այն ժամանակ, երբ երկիրն էր ղեկավարում:
«Ցավալի է, որ նախկինում նա այդպես չէր անում, իսկ հիմա չգիտես ինչի ասուլիսներով է հանդես գալիս: Իսկ բովանդակության մասին կարող եմ ասել, որ այն ինձ համար ծայրից ծայր երևակայական տեքստ էր, ծանոթ լինելով ամբողջ իրականությանը` կարող եմ ասել, որ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից հնչում էին երևակայական տեքստեր, քան իրականությունն է»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Սարգսյանի հնչեցրած «որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ է գրանցվել» արտահայտությանը` ինչին զուգահեռ քննարկվում է նաև իշխանությունների առաջ քաշած այն թեզը, որ բանակում եղել են խնդիրներ, Քրիստինե Պողոսյանն ասաց.
«Ապրիլյան պատերազմի հաղթանակ, թե պարտություն հարցի պատասխանը մենք կտանք զեկույցում: Այն կլինի անկողմնակալ, բովանդակալից և ամբողջական: Հաղթանակ կամ պարտություն ասելով` ամեն մարդ յուրովի է հասկանում: Ես ավելի շատ շեշտը կդնեի նրա վրա, թե Ադրբեջանը ինչ խնդիր էր ուզում լուծել այդ հարձակումով և լուծել է արդյոք այդ խնդիրը, թե՝ ոչ: Դրանից է կախված, մենք հաղթել ենք, թե` պարտվել»:
Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին, իսկ Սերժ Սարգսյանն ասաց, որ ռազմական գործողությունների պլանը գործի մեջ էր, երբ իրեն տեղեկացրել են պատերազմի մասին, Քրիստինե Պողոսյանը վստահեցրեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանները լինելու են զեկույցում:
«Չգիտեմ, Սերժ Սարգսյանը հավատում է նրան ինչ ասում է, թե կարիք կա, որ այդպես է ասում: Եթե հավատում է այն երևակայական բաներին, որ ասում է, ուրեմն լուրջ խնդիրներ կան իր հետ»,-նշեց պատգամավորը:
Խոսելով Սարգսյանի այն հայտարարության մասին, որ դիրքային բարելավում միշտ ենք ունեցել, սակայն իրենց իշխանությունը լռել է այդ մասին, իսկ հիմա տավուշյան գործողություններից հետո բոլորն իմացան, որ դիրքային բարելավում ենք ունեցել, Քրիստինե Պողոսյանն ասաց.
«Անկախ նրանից, թե երկրի նախկին ղեկավարները հիմա ինչ դիրքում են գտնվում, ինձ համար ցավալի է, քանի որ նրանք խոսելիս միշտ պիտի խոսեն Հայաստանի Հանրապետության շահերից: Նա այն ժամանակ չի առաջնորդվել Հայաստանի շահից, հիմա առավել ևս չի կարող նման ձևով մտածել և առաջնորդվել, դրա համար ես նրա ասածները միայն այդ կոնտեքստում եմ հասկանում: Ցավալի է, որ նման բաներ է խոսում: Ես հպարտանում եմ տավուշյան գործողությունների ժամանակ մեր տղաների և մեր բանակի արած հսկայայական աշխատանքով, վստահ եմ, որ եթե Սերժ Սարգսյանն ունենար նման հաջողություններ, նա ամեն 15 րոպեն մեկ դա մեր աչքը կմտցներ»:
Կարծիքներ