Ով է Բելառուսում ընդդիմությանը սատարելու ծրագրի համար 21 միլիոն եվրո հատկացրել
Գերմանիան Բելառուսում ընդդիմությանը սատարելու ծրագրի համար շուրջ 21 միլիոն եվրո է հատկացրել, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով «Համերաշխություն Բելառուսի հետ» առցանց համաժողովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԳԴՀ իշխանությունները Բելառուսի ընդդիմությանը սատարող գործողությունների ծրագիր են ընդունել։ Խոսքը վերաբերում է ապաստան եւ կրթաթոշակ տրամադրելուն, անկախ լրատվամիջոցների աջակցությանը, ավելի վաղ իր ավանդական տեսաուղերձում հայտնել էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
«Վստահ եղեք՝ Գերմանիան եւ ԵՄ-ն ձեր կողքին են: Մենք պատժամիջոցներ ենք մտցրել Լուկաշենկայի եւ նրա ռեժիմի դեմ: Եւ մենք մշակել ենք «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիր, որի արժեքը կկազմի 21 միլիոն եվրո»,- ասել է նախարարը՝ դիմելով բելառուսական ընդդիմության կողմնակիցներին:
«Մենք կրթաթոշակներ կառաջարկենք այն ուսանողներին, ովքեր հեռացվել են դպրոցներից եւ համալսարաններից՝ ցույցերին մասնակցելու համար: Մենք կաջակցենք անկախ լրատվամիջոցներին: Հոգեբանական օգնություն կտրամադրենք խոշտանգումների զոհերին եւ Գերմանիայում ապաստան կտրամադրենք հալածված բելառուսներին: Եւ մենք կստեղծենք մեխանիզմ՝ ապացույցներ հավաքելու մարդու իրավունքները ոտնահարողների դեմ: Կգա մի օր, երբ նրանք կենթարկվեն պատասխանատվության: Կգա մի օր, երբ Բելառուսի ժողովուրդը կկարողանա ապրել ժողովրդավարության, ազատության եւ օրենքի գերակայության պայմաններում»,- հավելել է նա:
Կարծիքներ