Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է, մարդիկ պաշարված են. Արարատ Միրզոյան
Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ հրապարկելով նրա ելույթը։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ Միրզոյանը նշել է.
«Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի ամրապնդմանը: Սա Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում Հայաստանին և հակառակը: Անակնկալ չէ, որ մենք նաև ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների խորացման ու համագործակցության նոր հեռանկարներ, այդ թվում՝ անվտանգության հարթության մեջ. մենք անցկացրեցինք Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հարցերով առաջին նիստը»:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև շեշտել ԼՂ-ում էթնիկ զտման վտանգն ու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:
«Չեմ կարող խոսքս սահմանափակել միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ անվտանգային իրավիճակը ենթադրում է նաև Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող հարցերի հետ կապված որոշ թեմաներ: Քանի որ մենք խոսում ենք խախտված աշխարհակարգից, ես պետք է որոշ դիտարկումներ անեմ այն արտաքին սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առերեսվում է Հայաստանը: Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի խախտման և միջազգային իրավունքի և կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ, ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, և այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչն, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում: Այսպես, ԵՄ արագ որոշում կայացրեց ԵՄ մշտադիտարկման առաքելություն ուղարկել Հայաստանի և մեր արևելյան հարևան Ադրբեջանի միջև պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով: ԵՄ դիտորդները ներկայումս այնտեղ են և իրականացնում են իրենց առաքելությունը: Սա էական գործոն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար, և մենք շնորհակալ ենք դրա համար:
Սակայն սա խնդրի միայն մի մասն է. առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը: Կարծում եմ՝ մենք չենք կարող աչք փակել և ձևացնել, թե չկա նման խնդիր. կա խնդիր, և դա ոչ միայն Հայաստանի, այլև բոլորի խնդիրն է:
Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը առերեսվում է իրական էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի: Եթե աշխարհակարգը, որի մասին մենք խոսում ենք և երազում, հիմնված է արժեքների վրա, ուրեմն մարդկությունը դեռ ունի հնարավորություն:
Եթե խոսքը արժեքների մասին է, ուրեմն չենք կարող զերծ մնալ այս խնդիրը լուծելուց, քանի որ, կրկին, մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին, և քաղաքականությունը մարդկանց կյանքը բարելավելու մասին է: Այսպիսով, սա բարդ իրավիճակ է, որով մենք պետք է զբաղվենք. առաջին հերթին գիտակցել, երկրորդ հերթին առավել մեծ ջանքեր ներդնել կանխելու Լեռնային Ղարաբաղում էթիկ զտումները, կա նման հնարավորություն:
Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեև բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղություն համար ևս հարկավոր է, որ ձեր հարևանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տևական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց, ցավոք, միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության: Եվ այսպես, մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ մենք դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի շրջափակման:
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է. բավականին երկար ժամանակ է՝ ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։ Մարդիկ պաշարված են։ Եվ սա խնդիր է, որը, ցավոք, մենք միայնակ չենք կարող լուծել, ունենք ձեր աջակցության կարիքը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Կրկին, եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ»:
Դուբրովնիկի համաժողովի աշխատանքների շրջանակներում Արարատ Միրզոյանը նաև մի շարք շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող գործընկերների հետ:
Կարծիքներ