Ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը
Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, որի շրջանակներում իրականացվել են համալիր ստուգայցեր։ Այցի նպատակն է եղել ուսումնասիրել մարզային փրկարարական ծառայության ստորաբաժանումների աշխատանքը, ստուգել գույք-սարքավորումների սարքինությունը, տեխնիկական զինվածությունը և անձնակազմի պատրաստականությունը՝ հատկապես ձմեռային սեզոնին առկա վտանգներին հակազդելու ուղղությամբ։
Գնդապետ Կարապետյանն այցելել է ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ, եղել Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում՝ նպատակ ունենալով տեղերում հետևել ծառայության ընթացքին և ծանոթանալ առկա խնդիրներին։
Հատուկ ուշադրություն է դարձվել ձմեռային սեզոնին ընդառաջ ծառայության պատրաստվածությանը, անդրադարձ է կատարվել հատկապես առատ ձյան տեղումների, ձնաբքի, մերկասառույցի հետևանքով ավտոճանապարհների դժվարանցանելիության պայմաններում մարդկանց հրատապ օգնության կարևորությանը և տարաբնույթ սցենարների բարդացման իրավիճակում ստորաբաժանումների պատրաստականության ապահովմանը։
Տնօրենի տեղակալը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ գնդապետ Դավիթ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ստուգայց է իրականացրել նաև մարզում ծավալված առաջնային օգնության կետում։ Տեղում ստուգվել են առաջնային օգնության կետի համալրվածությունը, քննարկվել այն տեխնիկական հնարավորությունները, որոնք տրամադրված են արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին հասանելի, արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար։
Ստուգայցի ընթացքում ներկայացվել են ծառայության կրման առանձնահատկությունները՝ մասնավորապես միջպետական ավտոճանապարհին մշտապես առաջացող խնդիրները՝ պայմանավորված ճանապարհների դժվարանցանելիության, բարդ ռելիեֆային տեղանքով և այլ արտակարգ գործոններով։
Եգոր Կարապետյանը կարևորել է արտակարգ պայմաններում աշխատելու անձնակազմի պատրաստականությունը և համալրվածությունը, հրահանգավորել ինտենսիվ տեղումների ընթացքում առավել զգոնություն ցուցաբերել՝ քարշակումների, ուղեկցումների և մարդկանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ հորդորել բոլոր աշխատակիցներին գիտակցել իրենց պատասխանատվությունը՝ պատրաստ լինելով արագ գործելու ցանկացած իրավիճակում, քանի որ հաճախ կարող է բարդանալ ծառայողների աշխատանքը։
Շրջայց է իրականացվել նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ նոր ներդրված ազդարարման համակարգի աշխատանքներին ծանոթանալու նպատակով, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում ազդարարման գործընթացը պատշաճ իրականացնելու համար։ Անձնակազմի հետ զրույցի ընթացքում ընդգծվել է փրկարարական ծառայողների օրենքով սահմանված բարեվարքության և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ դրանց պահպանումը հատկանշական է փրկարարական ծառայության հեղինակության և մասնագիտական վարքագծի օրինակ ներկայացնելու նպատակով։
Աշխատանքային այցի ավարտին Տնօրենի տեղակալը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ, որոնց նպատակը ծառայության արդյունավետության բարձրացումն է։ Նա նշել է, որ պետք է վերանայվի գործողությունների համակարգը, ճշտվեն ընթացակարգերը և կատարելագործվեն արձագանքման մեխանիզմները։ Կարևորվել է նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների միջև համագործակցությունը, քանի որ Սյունիքի մարզի տարածքում բարդ ռելիեֆը և միջպետական ավտոճանապարհների դժվարանցանելիությունը հաճախ առաջացնում են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են համատեղ աշխատանք և լիարժեք պատրաստվածություն։
Նման այցերը և ստուգումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ տեղային խնդիրները, համապատասխան համակարգման կարիքները, ինչպես նաև արագ արձագանքման մեխանիզմների բարելավման հնարավորությունները։
Կարծիքներ