Ընդդիմությունը հայտարարել է փողոցային նոր ակցիաների մասին
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ ընդդիմությունն աշխատում է թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, և փողոցային նոր ակցիաներ, իհարկե, լինելու են : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, կամ, եթե մարդիկ, որոնք դժգոհություն ունեին, անսային մեր հորդորին, հավատային, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ»,-ասաց Խաչատրյանը:
Սակայն, ըստ պատգամավորի, իրավիճակն անհույս չէ, դեռ հնարավոր է ամեն ինչ փրկել: Դրա համար նա մտահոգ քաղաքացիներին կոչ է անում աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ վստահեցնելով, որ իրենք աշխատում են թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս:
«Քաղաքացիների մոտ դժկամություն կա, ապատիայի զգացում կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով փողոցային հավանական ակցիայի մասին հարցին՝ նա ասաց. «Փողոցային նոր ակցիաներ, իհարկե, կլինեն»:
Իսկ թե երբ կլինեն այդ ակցիաները, պատգամավորը չմանրամասնեց:
Կարծիքներ