Ընդդիմությունն ու Քոչարյանն ակտիվացան, երբ ուժի մեջ մտավ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը. Ռուբինյան

Ընդդիմությունն ու Քոչարյանն ակտիվացան, երբ ուժի մեջ մտավ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը. Ռուբինյան

«Ընդդիմության կողմից, այո՛, հնչել են վիրավորական արտահայտություններ, մեր խմբակցության կողմից տրվել են քաղաքական պատասխաններ»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, անդարադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ չհամաձայնելով հաղորդավարի դիտարկմանը, թե ընդդիմության տված մեկ վիրավորանքին իրենց խմբակցությունը 5 վիրավորանքով է պատասխանել:

Ռուբինյանը նշեց՝ ՔՊ խմբակցության ոչ մի պատգամավոր չի հայհոյել, իսկ այսօրվա ԱԺ նիստը, իհարկե, լավագույններից չէր, բայց գույները խտացնել էլ պետք չէ:

ԱԺ փոխնախագահը, հիշեցնելով վերջին շրջանում ընդդիմության և Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, ընդդիմադիր խմբերի կողմից իշխանափոխության տարբեր փորձերն ու հայտարարությունները, այդ ամենը կապեց այն հանգամանքի հետ, որ դրանք սկսվել են, երբ ուժի մեջ է մտել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը:

«Գրեթե ամեն օր հրապարակվում են վճիռներ, որոնցով պետական բյուջե են վերադարձվում թալանված գումարները: Մի քանի օր առաջ Գլխավոր դատախազը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Քոչարյանի ընտանիքից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, դրամական միջոցներ, ներդրումներ և այլն և այսօր իմ գործընկեր Բաբկեն Թունյանը գումարել էր այդ ամենը և հաշվել, որ միայն դրամական միջոցները գերազանցում են 100 մլն դոլարը, չհաշված 22 անշարժ գույքն ու մնացածը:

Տրամաբանական կապն ակնհայտ է և սա իրենց թիմի գործելաոճն է»,- նշեց Ռուբինյանը՝ հիշեցնելով Գյումրիում նաև Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, ըստ որոնց, ինքը վերադառնում է քաղաքականություն, քանի որ ուզում են բռնագանձել իր ունեցած գույքն ու միջոցները:

Ռուբինյանի խոսքով՝ Քոչարյանը քաղաքականության մեջ է նույն սկզբունքով՝ իր ունեցած ապօրինի գույքն ու միջոցները պաշտպանելու համար:

«Էս ամբողջ կրկեսը Ազգային ժողովում, որ իրենք ստեղծում են, միայն դրա համար է ու նաև՝ առաջիկա ընտրություններում մասնակցության համար»,- նշեց Ռուբինյանը:

Վերադառնալով ԱԺ-ում տեղի ունեցածին, վերջինս նշեց, որ զավեշտալի է, երբ դատախազությունը մեկին մեղադրում է 100 հազար դոլար ու 22 գույք ապօրինի «տակով անելու» մեջ ու վերջինս ԱԺ ամբիոնից իրենց «դավաճան և կոռուպցիոներ» է անվանում:

«Ինքը, բնական է, դրա պատասխանը պետք է ստանա ու շատ այլ բաների պատասխան էլ»,- նշել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում