Ձեր ափերի մեջ է մեր երկրի զորությունը․ Գնել Սանոսյան

Ձեր ափերի մեջ է մեր երկրի զորությունը․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել․

«Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները գարնանային այս գեղեցիկ ու սպասված տոնի առթիվ։

Անգնահատելի է ձեր ներկայությունը ընտանիքում ու հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ձեր սերն ու ջերմությունը, նվիրումն ու եռանդը ամենուր օգնում են հաղթահարելու բոլոր դժվարությունները, գտնելու զարգացման ու հզորացման ճանապարհներ։

Արցախյան վերջին պատերազմի ողջ ծանրությունը դուք հերոսաբար տարաք ձեր ուսերին, դիմացաք բոլոր փորձություններին, պայքարեցիք ձեր զավակների ու այրերի կողքին թիկունքում կամ մարտադաշտում, արեցիք հնարավորը, որ կանգուն մնա մեր սրբազան հայրենիքը։

Մեր ջերմ սերն ու խորին հարգանքն ենք բերում ձեզ` մեր որդիական ու եղբայրական պարտքը կատարելու, ձեր կորուստներն ու ցավերն ամոքելու, մեր հայրենի աշխարհը համատեղ վերակերտելու եւ հզորացնելու համար։

Հավատում եմ, որ այս տոնը առիթ կհանդիսանա` համատեղ վերագտնելու համազգային սիրո եւ միաբանության ճանապարհը: Հավատում եմ, քանզի դարձյալ ձեր ափերի մեջ է մեր երկրի զորությունը։

Միշտ եղեք գեղեցիկ, առողջ ու երջանիկ, ապրեք խաղաղ երկնքի ներքո»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում