«Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է». Արա Խզմալյան

«Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է». Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը:

«Շատ կարևոր է, որ Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը մեկնարկել են մեր լավագույն կոլեկտիվներից մեկի՝ դասական չափանիշներին մշտապես հավատարիմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության անձնագրերից մեկն իր ֆիլհարմոնիկ նվագախումբն է: Մեր նվագախմբի կատարողական որակը մեզ թույլ է տալիս հպարտանալ միջազգային հարթակում: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ա. Խզմալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական մշակութային առնչություններին, նշել, թե որքան խորն են այդ հարաբերությունները: Ըստ նրա՝ հայկական մշակույթի բազմաթիվ ոլորտներ և ճյուղեր զարգացել են ռուս գեղարվեստական կրթության ազդեցությամբ: Թամանյանը, Սպենդիարյանը, Խաչատրյանը և այլք այդ մշակույթի անմիջական կրողներն եղել: Մյուս կողմից նա նաև մատնանշել է ռուս լավագույն մտավորականների՝ հայ մշակույթի հանդեպ բացառիկ վերաբերմունքը, որն արտահայտվել է թե՛ գիտական հրատարակությունների, թե՛ թարգմանությունների ու հետազոտական աշխատանքների տեսքով:

Այս համատեքստում պատահական չեն համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումները:

Արա Խզմալյանի գնահատմամբ՝ «Հերոսական բալլադը», որը ևս հնչել է համերգի ընթացքում, հետպատերազմյան որոշակի բարոյահոգեբանական մթնոլորտում կատարել է իր դերը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթը Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում. «Այս առումով լիովին կատարեցինք մեր առջև դրված խնդիրները»:

Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում