Հայաստանում շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու. Փաշինյան
Հայաստանում շինարարարական բում է ու այն երկար է շարունակվելու, քանի որ կառավարությունը նոր որոշում է կայացնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
Վարչապետը նկատեց՝ ընդդիմության կողմից տեսակետ կա, թե 2022-ի մոտ 12 տոկոս տնտեսական աճի հետ Հայաստանի կառավարությունն ի՞նչ կապ ունի:
«Պետք է հիասթափեցնեմ, այդպես չէ: Հայաստանում այսօր մեծ շինարարարական բում է: Այդ ո՞նց եղավ: Դա կապված է կառավարության շատ կոնկրետ մի ծրագրի հետ, երբ մենք որոշեցինք, որ հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել և 2025 թ հունվարի 1-ից հետո Երևանում այդ համակարգը չի գործելու: Եվ բոլոր այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022 թ. 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին: Այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև մենք հիմա հաջորդ որոշումն ենք կայացնում»,-ասաց Փաշինյանը:
2025թ համակարգը դուրս կգա Երևանից, հաջորդ փուլով, ամենայն հավանականությամբ, 2028 թ հունվարի 1-ից համակարգը կփակվի երևանամերձ մարզերի համար: Իսկ մնացած բոլոր մարզերի համար համակարգը բաց կլինի:
«Եվ այս շինարարարական բումը, Երևանը և երևանամերձ մարզերը հագեցնելով, կհասցնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը: Այսօր դրա երևույթները մենք տեսնում ենք: Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում աջակցում ենք պետական ծրագրերում, որ գնողունակությունը, շուկայում մրցունակությունը բարձրանա»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որ 30 տարի Հայաստանում չի եղել: Վարչապետի կարծիքով՝ դա ևս տնտեսության արդիականացման պետական ծրագրի շնորհիվ է եղել, որով ընկերությունների կողմից ձեռք բերվող տեխնիկայի համար վերցրած վարկերի տոկոսները պետությունը սուբսիդավորում է:
Կարծիքներ