Իսրայելի օդուժը հարվածել է Լիբանանի տարածքին
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Jerusalem Post-ին: Ըստ զինվորականների՝ հարվածների թիրախներն են եղել այն շրջանների օբյեկտները, որտեղից նախօրեին հրթիռներ էին արձակվել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի թիրախում է եղել նաև մի շրջան, որտեղից հարձակումներ էին իրականցվել անցյալում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սա վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի կողմից չորրորդ հարվածն է Լիբանանին: Մինչ այս իսրայելական հրետանին երեք անգամ կրակ էր բացել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան իր սահմանային հատվածի վրա հարձակման:
Օգոստոսի 4-ին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ Լիբանանը 3 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Հրթիռներից 2-ն ընկել են Իսրայելում, 1-ը՝ Լիբանանի տարածքում: Մի շարք բնակավայրերում աշխատել էին տագնապի ազդանշանները: Ըստ շտապօգնության ծառայության՝ տեղի բնակիչներից 4-ին օգնություն է հարկավոր եղել՝ շոկային վիճակից դուրս գալու համար:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն այս առիթով խիստ բողոք է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմին, որը տեղակայված է Լիբանանի հետ սահմանին:
Կարծիքներ