Հանդիպել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ԱԳ նախարարը. քննարկվել է նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։
Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին:
Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։
Կարծիքներ