Տիգրան Ավինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպում է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխող «Քաղաքաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի երկրորդ օրը հանդիպում է ունենում Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ։
Տիգրան Ավինյանը իր թիմակիցների հետ շրջում է վարչական շրջանի տարածքում, զրուցում քաղաքացիների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրները։
Բնակիչներից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ Ավինյանն անդրադարձավ հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշեց, որ ներդնում են միասնական տոմսային համակարգ, որը մինչև տարվա վերջ ավարտին են հասցնելու։ «Դա աշխատելու է այլ տրամաբանությամբ։ Դուք Ձեր ուզած վայրը հասնելու համար կարող եք մեկ անգամ ավտոբուս նստելով չսահմանափակվել։ Կարող եք որևէ կանգառում փոխել ավտոբուսը, սակայն դրա համար ձեզանից հավելյալ վճար չի գանձվի։ Նախկինում մենք ունեինք շատ «Գազել»-ներ, կային շատ գծեր, մի տեղից մյուս տեղ հասնելը մեկ «Գազել»-ով էր իրականացվում։ Հիմա ունենք ավելի քիչ քանակությամբ, բայց մեծ տարողունակությամբ ավտոբուսներ։ Տրամաբանորեն մեկ ավտոբուսը չի կարող Ձեզ կոնկրետ վայրերից Ձեր նախընտրած վայր հասնել»,- նշեց Ավինյանը։
Մուշավան թաղամասի բնակիչները բողոքում էին տրանսպորտի վատ աշխատանքից, Ավինյանը խոստացավ լուծել նրանց բարձրացրած հարցը։
Ավինյանը լսեց բնակիչների բողոքները տարբեր հարցերի վերաբերյալ և խոստացավ լուծու,մ տալ նրանց բարձրացրած հարցերին։
Կարծիքներ