Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունն ԱԺ-ում տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը, դեկտեմբերի 29-ին, ժամը 11:10-12:30-ը` Ազգային ժողովի նիստին զուգահեռ: Քվեարկությունը տեղի կունենա նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Հովակիմյանը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80): Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:
Կարծիքներ