Զելենսկին Բրյուսելում հանդիպել է Ստոլտենբերգի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի գրասենյակում հանդիպել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը։
Նախքան բանակցությունների սկսելը Զելենսկին և Ստոլտենբերգը մամուլի ասուլիս են անցկացրել։
Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայի համար կարևոր է սպառազինության երեք հիմնական տեսակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, մեծ հեռահարության հրթիռները և հրետանին։
Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցությունն Ուկրաինային՝ շեշտելով, որ աջակցությունը կլինի ՀՕՊ համակարգերի, հրետանու և զինամթերքի տեսքով։
Ստոլտենբերգ-Զելենսկի հանդիպումը տեղի է ունենում արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստի նախօրեին․ «Ռամշտայն» ձևաչափի շրջանակներում դաշնակիցներն ամեն ամիս քննարկում են Կիևին ռազմական աջակցությունը։
Իսկ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի նախագահն այցելել էր Բուխարեստ և բանակցություններ վարել Ռումինիայի նախագահի հետ։
Կարծիքներ