Նախկին իշխանությունը մեզ թիրախավորել է․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում իրենց կուսակցության անդաների հասցեին ուղղված ծանր վիրավորանքների նպատակն իր թիմակիցներին ժողովրդի աչքից գցելն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց նա։ Գիտի, թե ովքեր են այդ քայլին գնում և ինչու են լուսավորի հետ այդպես վարվում։
«Հայաստանում նախկին իշխանությունները տիրապետում են մեդիառեսուրսի և սոցիալական ցանցերում եղած ռեսուրսների մոտ 70 տոկոսին։ Նրանց ձեռքում եղած այս ռեսուրսը դարձել է մեծ թնդանոթ, որն ուղղում են իրենց ընդդիմախոսների կամ բոլոր նրանց դեմ, ովքեր չեն համաձայնում իրենց հետ, նրանց պատվերների և ջրաղացներին ջուր լցնելու գործունեությանը։ Խոսքը Սահմանադրական դատարանում վիճարկելու այն փաթեթների մասին է, որոնք խորհրդարանում ընդունվել են։ «Լուսավոր Հայաստանը» դիմելու է ՍԴ, սակայն, նախապայման էր դրել, քանի որ այն քաղաքականացվել է Քոչարյանի գործով, մենք պետք է դիմեինք գործի քննությունից հետո։ Բայց, չէ, նախկին իշխանություններին պետք էր, որ հենց այդ օրերին դիմեինք։ Դրա համար էր այս ամբողջ շանտաժի, վիրավորանքի արշավն ընդդեմ մեզ»,- բացատրեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ թիրախավորել են իր ղեկավարած կուսակցությունը, որովհետև այսօր իրենք ենք զբաղեցնում ընդդիմադիր դաշտը՝ բևեռը։
«Ուզում են այդ բևեռը հանել շարքից, քանի որ մինչև իրենք չկարողանան զբաղեցնել ընդդիմադիր բևեռը, չեն կարող փորձել լինել իշխանության այլընտրանք ու վերադառնալ իշխանության, որ թալանեն մեր մանկապարտեզները, ճանապարհաշինության գումարները և բանակը»,- նշեց նա։
Մարուքյանի պնդմամբ՝ ամեն ինչ անելու են, որպեսզի նախկինները վերադառնալու շանս չունենան որևէ լեգիտիմ իրավիճակում, իսկ գործող իշխանություն էլ փոփոխվի։
«Չի կարող Հայաստանում այնպես լինել, որ իշխանությունը նախկինի պես ճահիճ դառնա։ Եվ մենք ձգտում ենք իշխանության, բայց մեզ ուզում են հանել այդ շարքից, որ իրենք դառնան իշխանություն և գան կրկնում եմ թալանեն մեր դպրոցները, ընտանիքները։ Սա է խնդիրը, սրա համար ենք մենք թիրախավորվել, այստեղ է պայքարը։ Մենք հայտնվել ենք նախկին և ներկա իշխանությունների հարվածների տակ»,- եզրափակեց պատգամավորը։
Կարծիքներ