Շիրակի մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են Անիի բնակավայրեր

Շիրակի մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են Անիի բնակավայրեր

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը օգոստոսի 7-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ եղել է Անի համայնքի մի շարք բնակավայրերում։

Արթիկ, Անի, Ախուրյան, Աշոցք համայնքների ղեկավարների, նախարարության, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մարզպետն ու նախարարը դիտարկել են Մարալիկի, Բարձրաշենի, Իսահակյանի այն ցանքատարածությունները, որոնք վերջին օրերին տուժել են կարկտահարությունից, նախնական տվյալներով բնակավայրերի հացահատիկային մշակաբույսերի մի շարք ցանքատարածություններ 50-90 տոկոս վնասվածություն են կրել։

Հանձնարարվել է գույքագրել վնասի չափերն ու տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն ներկայացնել։

Պատասխանատուները եղել են նաև Գուսանագյուղ բնակավայրում, այստեղ դիտարկվել են մկնանման կրծողներից ցանքատարածությունների կրած վնասներն, անդրադարձ է կատարվել բոլոր համայնքներում պայքարի միջոցառումներին։ Նշվել է, որ Շիրակի մարզում մկնանման կրծողների ակտիվություն նկատվել է Ախուրյանի, Արթիկի, Անիի ցածրադիր գոտիների անջրդի հողատարածքներում։

Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ անցկացվել են վաղ գարնանից։ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում պայքարի միջոցառումներ իրականացվել են՝ 2021 թվականին շուրջ 8700 հա, 2022 թվականին՝ 5500 հա, 2023 թվականին՝ 24000 հա և 2024 թվականին միայն գարնանը՝ 13000 հա։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Շիրակի մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր բրոմոցիդ-ֆլյուիդ տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշնանը ևս շարունակել պայքարի միջոցառումները, իրականացնել լրացուցիչ մշտադիտարկման և պայքարի միջոցառումներ ինչպես մշակվող ցանքատարածություններում, այնպես էլ չմշակվող տարածքներում։

Մարզպետն ու նախարարը եղել են նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում, շրջել կայանի դաշտերում, ծանոթացել իրավիճակին, անդրադարձել առաջիկա անելիքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում