Վարչապետը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում Բաքվի իրականացրած դիվերսիոն հարձակման փաստի վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով երեք օր առաջ զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Կարծիքներ