Հունվարին պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 21.734 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024թ․ հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։
Ապրանքների բացթողումից հետո, ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 21.734 մլն դրամ։
Մեկ մաքսային ստուգում իրականացվել է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում, որի արդյունքներով հաստատվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 269.064 մլն դրամ։
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ՀՀ ՊԵԿ նախագահի կողմից կայացվել է որոշում՝ ստուգման ենթարկվող ընկերությանը Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ՀՀ ՊԵԿ նախագահի կողմից կայացվել է որոշում մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակում 11 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 18 մլն դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։
Կարծիքներ