Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
Ապրիլի 19-25-ը Վարշավայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա 7 մարզիկով:
«Կազմն ընտրել ենք անցած մրցումների, Հայաստանի առաջնության արդյունքներով: Հիմնականում դրանք են մեզ ուղեցույց եղել: Քանի որ այս տարի մրցումները շատ են ու խիտ, դրա համար այնպիսի կազմ ենք ընտրել, որ կարողանանք հետագա վարկանիշային մրցումներին հավասարաչափ կազմով ելույթ ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև ԵԱ-ին Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացակայությանը.
«Ճիշտն ասած օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցողների համար անում ենք այնպես, որ թարմ մոտենան: Մենք պլանավորել ենք, որ նա մասնակցի Բուխարեստի մրցաշարին, նաև մեր հետագա մրցումները ցույց կտան՝ գուցե կազմն ավելանա: Մարզչական խորհուրդն որոշեց, որ Արթուր Ալեքսանյանն այս մրցումներին հանգստանա: Ինքն իրեն շատ լավ է զգում, վնասվածք չկա, և եթե կարողանանք լավ մասնակցել, արդյունքներ կլինեն»,-ասել է Սահակյանը:
Մայիսի 6-ից 9-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին Հայաստանը կմասնակցի 4 մարզիկով: Այդ մրցաշարին կմասնակցեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանն ու ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը հավաքականը նաև հավաք կանցկացնի արտասահմանում:
Կարծիքներ