ՌԴ ԱԳՆ կոչը Հայաստանին և Ադրբեջանին
Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման շահերից ելնելով։
Ռուսաստանը կարևորում է նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանների դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ գործարկումը։
«Վերջին իրադարձությունները հաստատում են ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի և հետագա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի կարևորությունը ՝ ավելի վաղ ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ում «ուշադիր հետևում են» հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ։ Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, այնտեղ ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ