Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակում 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Այդ մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը՝ փոխանցում է ТАСС-ը:

«2021 թ. մեր փոխադարձ ապրանքաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17% աճ։ Դա այն դեպքում, երբ համաճարակի տարում այն անկում էր ապրել գրեթե 4%-ով: Աճում է նաև մեր ներդրումային համագործակցությունը. այժմ կան ավելի քան 2,2 մլրդ դոլարի համատեղ ներդրումներ ՌԴ-ից Հայաստան։ Մենք գիտենք, որ կան ավելի քան 1 մլրդ դոլարի հստակ նախագծեր, որոնք առաջիկայում կուղղվեն Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Նա նշել է, որ ռուսական բիզնեսը կարող է առաջարկել տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ լուծումներ:

«Ռուսական բիզնեսն այսօր կարող է առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ամենաարդյունավետ լուծումները, ինչպես նաև՝ թվային տնտեսության, էլեկտրոնային կառավարության, խելացի քաղաքների զարգացման, տեղեկատվական անվտանգության, լոգիստիկայի, էներգաարդյունավետության և հեռավար կրթության ոլորտներում: Շատ կարևոր է, որ բոլոր այդ լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են ՌԴ շրջաններում»,- ասել է Ռեշետնիկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում