Չեռնոգորիայի նախագահը հոսպիտալացվել է թոքաբորբով
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հոսպիտալացվել է թոքաբորբով, ընդ որում, կորոնավիրուսի ախտորոշման բոլոր թեստերի արդյունքները բացասական են եղել: Այս մասին ուրբաթ հաղորդել է Չեռնոգորիայի առաջնորդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ բժիշկների խորհրդով Ջուկանովիչը բուժվում է թոքաբորբից: «Մինչ այս պահը արված բոլոր թեստերը, այդ թվում` այսօր, ցույց են տվել, որ նա COVID-19 չունի: Բոլոր կենսական ցուցանիշները կայուն են, նա անարգել կատարում է իր նախագահական պարտականությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Չեռնոգորիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամենաբարդերից մեկն է աշխարհում, եթե հաշվի առնել վարակվածների միջին թիվը 100 հազար բնակչի հաշվով: 600 հազար բնակչություն ունեցող երկրում գրեթե 46 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 652 մարդ:
Չեռնոգորիայի իշխանությունները Եվրոպայում վերջին հայտարարեցին կորոնավիրուսի հայտնաբերման մասին երկրում: Մայիսի 25-ին` տուրիստական սեզոնին եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կառավարությունը հայտնեց վարակի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին` երկիրը «կորոնավիրուսից ազատ գոտի» հայտարարելով: Չնայած վարակման նոր դեպքերին` Չեռնոգորիայի իշխանությունները բացել են սահմանները` զբոսաշրջիկներին պարտավորեցնելով թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ:
Կարծիքներ