ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին
Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորված «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանի պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել:
Վերջիններս տեղեկացրել են, որ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Խնդրի էությունը կայանում է նրանում, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող»,- հայտարարել են նրանք՝ Գասպարյանի կալանավորումը որակելով ապօրինի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ըստ իրավապահների՝ ամսական շուրջ 220 հազար ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների:
Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:
Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։
Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով է անցնում նաև Սերոբ Գասպարյանը, որը կալանավորվել է:
Կարծիքներ