ԱԺ նախագահն անդորրացի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարևորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ալեն Սիմոնյանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն Անդորրայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել դրա կարևորության մասին ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ հաստատակամությունը:
Կառլես Էնսենյատ Ռեիգն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու նշել, որ Անդորրայի համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, հատկապես՝ ՀՀ-ԵՄ նոր մակարդակի հարաբերությունների ֆոնին:
Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգը շրջել է նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Կարծիքներ