Գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:
«Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և Samand Soren 1.8 մակնիշի երկու ավտոմեքենաները : Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ :
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ