Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ, կքննարկեն անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են, նախարարը հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախարարը նախ նշեց, որ շատ մտահոգ են այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսի անցակետում: Ապա նա վստահեցրեց, որ օրական մի քանի ժամ ինքը, իր գործընկերները զբաղվում են հենց այդ անցակետի հետ կապված հարցերով, այդ հարցերով են զբաղվում նաև ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը: Հայաստանցի պաշտոնյաները ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են:
«Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Քերոբյանը:
Օրինակ՝ նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել լարվածությունը: Ըստ նրա՝ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:
«Երկրորդ՝ ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը նկատեց, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով:
ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել:
Կարծիքներ