Պուտինն ու Լուկաշենկոն ոչ ֆորմալ հանդիպում են անցկացնում զբոսանավի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը շարունակում են շփումը ոչ ֆորմալ պայմաններում, գրում է «Ինտերֆաքսը»:
Պետությունների ղեկավարները զբոսանավի վրա են: Հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Սոչիում եղանակը ամպամած է, բայց դա չի խանգարում նախագահներին զրուցել տախտակամածի վրա:
РБК-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները մայիսի 29-ին Սոչիում կայացած բանակցությունների ոչ պաշտոնական մասի ընթացքում քննարկել են ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի բերման ենթարկելու եւ ձերբակալման հետ կապված իրավիճակը։ Նրան մայիսի 23-ին Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչի հետ միասին իջեցրել էին Ryanair-ի չվերթից:
«Նախագահի նախաձեռնությամբ բարձրացվել է ՌԴ քաղաքացուհու թեման, որը ձերբակալված է եւ գտնվում է քննչական մեկուսարանում: Բնականաբար, մենք անտարբեր չենք նրա ճակատագրի նկատմամբ»,- ասել է Պեսկովը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել Սապեգայի մոտ բելառուսական կացության վկայականի առկայության փաստը: «Ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում: Նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին շատ ուշադիր հետեւել Ռուսաստանի քաղաքացուհու գործին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:
Նա նաեւ հայտնել է, որ նախագահները քննարկել են Բելառուսին 1,5 միլիարդ դոլարի ռուսական վարկի երկրորդ փոխանցումը` 500 մլն դոլարի չափով: Գումարը պետք է «մոտ ժամանակներս» փոխանցվի Բելառուսին։ Պեսկովը չի կարողացել նշել երրորդ փոխանցման ժամկետը։
Կարծիքներ