Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման նվազագույն մեկօրյա ցուցանիշը հոկտեմբերից ի վեր
Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8489, որն ամենացածր ցուցանիշն է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ից ի վեր:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարական տեղեկատվության կայքը, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան 548 դեպք:
Նախօրեին երկրի իշխանությունները հայտնել էին վարակման ավելի քան 10 600 դեպքի մասին, որից 178-ը՝ մահվան ելքով: Համաճարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4.1 մլն մարդ, որից 121 305-ը մահացել է:
Նշվում է, որ վիրուսի տարածման տեմպերի նվազում է նկատվում հունվարի սկզբից ի վեր, երբ օրական արձանագրվում էր 50-60 հազար նոր դեպք:
Նախօրեին երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել էր սահմանված արգելափակումների աստիճանական չեղարկման ծրագիրը, որով նախատեսվում է ապրիլի 12-ից առաջին հերթին վերսկսել դպրոցական դասընթացները:
Կարծիքներ